Առաջադրանք/Պատմություն

on
  1. Սոցիալիստական հասարակության ձևավորումը

  • Ինչ է ՆԷՊ-ը, կարդալ վերլուծել նյութը բլոգում:

Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։

Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։

  • Սոցիալիմի լավ և վատ կողմերը

Սոցիալիզմ

Սոցիալիզմի՝ որպես քաղաքական գաղափարախոսության ծագումն ու զարգացման սկիզբը կարելի է համարել 19-րդ դարը։ Վերջինս զարգանում էր եվրոպական մայրցամաքում և հատկապես Մեծ Բրիտանիայում գերակայող ազատականության գաղափարախոսությանը զուգահեռ։ Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել կարծիքների, որ սոցիալիզմի արմատները հասնում են Պլատոնի «Հանրապետություն» կամ Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատություններին։ Սակայն սույն ուսումնասիրության մեջ, սոցիալիզմը դիտարկելու ենք որպես 19-րդ դարում ազատականությանն ու պահպանողականությանը զուգահեռ ձևավորվող քաղաքական գաղափարախոսություն և անդրադառնալու ենք վերջինիս ծագմանն ու զարգացման հիմնական ճանապարհին։

Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։

Ի՞նչ է սոցիալիզմը և որո՞նք են վերջինիս բնութագրիչները.

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․

• Համայնք և համայնավարություն

Համայնքը` հասարակությունը, և վերջինիս կոլեկտիվ աշխատանքն ու արտադրությունը կենտրոնական դերակատարում ունեն սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որ մարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝ անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպես սոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։ Համայնավարության գաղափարը սերտաճած է համայնքի` վերը նշված ընկալման հետ։ Համայնավարությունը ենթադրում է, որ համայնքի հավաքական ջանքերը ունեն ավելի մեծ թե՛ պրակտիկ, թե՛ բարոյական արժեք, իսկ ընդհանուրի շահը ավելի կարևոր է քան անհատի շահը։ Այն հասարակությունը, որը խրախուսում է անհատի եսասիրական, օգտածարավ վարքը անհեռանկար է։ Սա այն առանցքային գաղափարներից է, որտեղ սոցիալիստները հակադրվում եմ ազատական կապիտալիստական ավանդույթին։

• Համագործակցություն և հավասարություն

Համայնավար հասարակության զարգացման շարժիչ ուժ սոցիալիստները համարում էին համագործակցությունը` միասնական աշխատանքը ընդհանուր շահի համար՝ ի տարբերություն ազատականների կողմից շրջանառվող մրցակցության գաղափարի։ Ըստ սոցիալիստների՝ մրցակցությունը ծնում է ագրեսիա և օգտապաշտություն, իսկ համագործակցությունը մի կողմից նպաստում է փոխօգնության գաղափարի խթանմանը, իսկ մյուս կողմից՝ տնտեսապես ավելի արդյունավետ է։ Եթե կապիտալասիտական համակարգը առաջարկում է աշխատանքի նյութական պարգևատրում, ապա սոցիալիստները կարծում էին, որ այն պետք էլ լինի բարոյական։ Իհարկե, սոցիալիստները չեն հերքում նյութական բարիքի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճ գրանցելու ու բարիքի հավասար բաշխումն ապահովելու տեսանկյունից։

Համագործակցության արդյունքում արտադրված բարիքի բաշխումն էլ պետք է տեղի ունենա ըստ կարիքի։ Այս գաղափարը Կ. Մարքսն արտահայտել է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի»:

Հավասարությունն, իր հերթին, սոցիալական կայունության և համախմբվածության երաշխիքն է, սակայն սոցիալիստները հեռու էին այն ընկալումից, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար։ Վերջիններս կարծում էին, որ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը ձևավորվում է ավելի շատ հասարակության կողմից անհավասար վերաբերմունքի արժանանալու՝ նյութական բարիքի անհավասար բաշխման արդյունքում, այլ ոչ թե բնատուր ընդունակությունների։ Սոցիալիստների համար սոցիալական հավասարության գաղափարը ֆունդամենտալ արժեք է։

Եթե մարքսիստ–կոմունիստները ձգտում են սոցիալական բացարձակ հավասարության՝ համայնավարական արտադրության միջոցով, ապա սոցիալ–ժողովրդավարները՝ հնարավորությունների հավասարությանը։

• Անդասակարգ հասարակություն

Դասակարգերը հասարակության մեջ նմանատիպ սոցիալական և տնտեսական ռեսուրս տնօրինող խմբերն են։ Անդասակարգ հասարակությունը՝ շահագործող և շահագործվող դասակարգերի բացակայությունը, սոցիալիզմի նպատակներից մեկն էր։ 1848 թվականին հրատարակված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»աշխատությունում առաջարկվում է հասնել անդասակարգ հասարակության հետևյալ եղանակով՝ «Եթե աշխատավորությունը բուրժուազիայի դեմ պայքարում միանա մեկ միասնական դասակարգի մեջ, հեղափոխության միջոցով իրեն վերածի իշխող դասկարգի և որպես իշխող դասակարգ ոչնչացնի հին արտադրական հարաբերությունները, ապա վերջինիս հետ մեկտեղ կվերացնի հասարակության մեջ դասակարգերի գոյությունը՝ ներառյալ սեփական իշխանությունը՝ որպես դասակարգի»: Երբ 20-րդ դարի կեսերից աշխատավորությունը իր դասական արդյունաբերական իմաստով դադարեց գոյություն ունենալ, և տեղի էր ունենում ապաարդյունաբերացման գործընթաց, անդասակարգ հասարակության գաղափարը՝ որպես սոցիալիզմի հիմնարար արժեքներից մեկը, սկսեց ձևափոխվել։

• Հանրային սեփականություն

Սոցիալիստները պնդում էին, որ մասնավոր սեփականությունն անհավասարության գլխավոր աղբյուրն է, հետևաբար՝ այն պետք է փոխարինվի հանրային, ընդհանուր սեփականությամբ։ Մասնավոր սեփականությունը անընդունելի էր սոցիալիստների համար մի քանի հիմնավորումներով՝ նախ այն անարդար է, ապա՝ բարոյապես սխալ, սրան էլ ավելանում է կոնֆլիկտածին, հասարակությունը պառակտող բնութագրիչը։

  • Գյուղատնտեսության կոլեկտիվացում։ Նոր մասնագիտությունների առաջացում։

Գյուղատնտեսության կոլեկտիվացումը նախկին ԽՍՀՄ-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումն էր խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ Գյուղացիական տնտեսության խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ Վլադիմիր Իլյիչ Լենինը մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ Խորհրդային կառավարությունը հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով (1918 թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալու կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ 1917 թվականի վերջերից և 1918 թվականի սկզբները գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Կոմունիստական կուսակցությունը և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընդհանրացրին նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով (1919 թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919 թվականի մարտ) ընդունված ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, 1928 — 1929 թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ Սպառողական և գյուղատնտեսական կոոպերացիան դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ 1929 թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։

  • Կուլակաթափություն․ ինձ ազդեցություն ունեցավ կուլակաթափությունը։

Կուլակաթափություն

Կուլակաթափություն – 1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսություների կոլեկտիվացման ընթացքում ԽՍՀՄ պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը: Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններ: 1930թ. հունվարի 30-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ նաև` իրենց ձեռնտու տարբերակներով: Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ բատրակները:

Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակների», «կուլակության» և «կուլակաթափության» անվան տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ դաշտային նյութերի վկայությամբ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s