
Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։
Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի ներկայացուցչի համբավ, եղել է դիվանագետ (1851-1862) հետադիմության ժամանակ։ 1862 թվականին նշանակվել է Պրուսիայի ղեկավարության ներկայացուցիչ-նախարար։ Սահմանադրական ճգնաժամի ընթացքում հանդես է եկել ազատախոհների դեմ՝ ի պաշտպանս միապետության։ Լինելով արտաքին գործերի նախարար՝ Պրուսիան դարձրեց Գերմանիայում գերակայող ուժ 1864 թվականի Դանիայի պատերազմից հետո։ Ֆրանս-պրուսական պատերազմում (1870-1871) հանդես է եկել կրտսեր նախագծով գերմանական հարցի լուծման մեջ ու մասնակցել է երկրորդ Ռայխի ձևավորմանը։
Լինելով ռայխկանցլեր ու պրուսիական նախարար-նախագահ՝ նա մեծ ազդեցություն ուներ ստեղծված Ռայխի քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև իր պաշտոնաթող լինելը 1890 թվականին։ Արտաքին քաղաքականության մեջ Բիսմարկը պահպանում էր ուժերի հավասարակշռության սկզբունքը։
Ներքին քաղաքականության մեջ նրա գահակալման ժամանակ 1866 թվականից կարելի է առանձնացնել երկու շրջան։ Սկզբում նա դաշինք կնքեց չափավոր լիբերալների հետ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցան բազմաթիվ ներքին բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության գաղափարի ներմուծումը, որը Բիսմարկն օգտագործել է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը թուլացնելու համար։ 1870-ականների վերջից Բիսմարկն առանձնանում է լիբերալներից։ Այս ժամանակամիջոցում նա ձեռնամուխ է լինում պրոտեկցիոնիզմի քաղաքականությանն ու տնտեսության մեջ իշխանության միջամտությանը։ 1880-ական թվականներին մտցվել է հակասոցիալիստական օրենք։ Այդ ժամանակվա կայսր Վիլհելմ II-ի հետ հակամարտությունը բերեց Բիսմարկի պաշտոնաթող լինելուն։
Հետագա տարիներին Բիսմարկը խաղացել է քաղաքական մեծ դեր՝ քննադատելով իր հետևորդներին։ Իր հուշերի շնորհիվ Բիսմարկին հաջողվում էր երկար ժամանակ ազդել հասարակության աչքերում իր սեփական կերպարի ձևավորման վրա։
20-րդ դարի կեսին գերմանական պատմական գրականության մեջ գերակայում էր Բիսմարկի՝ որպես գերմանական դքսությունների մի ազգային պետության միավորման համար պատասխանատու քաղաքական գործչի, դերի դրական գնահատականը, ինչը մասամբ բավարարում էր ազգային հետաքրքրություններին։ Նրա մահից հետո իր պատվին կանգնեցվում էին բազմաթիվ արձաններ՝ որպես հզոր անձնական իշխանության խորհրդանիշ։ Նա ստեղծել էր նոր ազգ ու մարմնավորել էր սոցիալական ապահովման նորարարական համակարգերը։ Բիսմարկը, լինելով կայսրին նվիրված, ամրացրել է պետությունը ուժեղ, լավ պատրաստված բյուրոկրատիայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեցին ավելի բարձր հնչել քննադատական ձայներ, որոնք Բիսմարկին մեղադրում էին մասնավորապես Գերմանիայում ժողովրդավարության ճնշման մեջ։ Ավելի շատ ուշադրություն էր հատկացվում նրա քաղաքականության վրա, իսկ գործունեությունը ուսումնասիրվում էր ընթացիկ կոնտեքստում։
ԾԱԳՈՒՄ
Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ), մանր ազնվականների ընտանիքում։ Բիսմարկների տոհմի բոլոր սերունդները ղեկավար պաշտոններ են վարել խաղաղ ու ռազմական կառույցներում, բայց առանձնապես աչքի չեն ընկել։ Բիսմարկները եղել են յունկերներ՝ սերունդներն այն նվաճող-ասպետների, ովքեր բնակավայրեր են հիմնել Էլբա գետից արևելք ընկած տարածքներում։ Բիսմարկները չունեին հսկայական տարածություններ, մեծ հարստություն կամ ազնվականական շքեղություններ, բայց համարվում էին ազնվականներ։