Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը: vvv