Ազգ և ժողովուրդ հասկացությունները,ազգային պետությունների առաջացումը,ձևերը և սկզբունքները:
«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:
Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:
«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:
Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:
Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:
Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:
2. Պետության վերաբերյալ Խորհրդային Միությունում հրատարակված աշխատությունների մեծ մասում նրա էությունը քննարկվել է դասակարգային դիրքերից, որպես անսահմանափակ իշխանության միջոց, տիրապետող դասակարգի դիկտատուրա: Դասակարգային մոտեցումը լայն հնարավորություններ է ընձեռում որոշելու իշխանության բնույթը, պետության էությունը, պարզելու, թե ով է իրականացնում և ում է պատկանում քաղաքական իշխանությունը: Սակայն պետական իշխանության դասակարգային բնույթի հաստատումը չի սպառնում պետության էության հիմնախնդիրները: Դեռ ավելին, դասակարգային մոտեցման օգտագործումը էականորեն սահմանափակում է պետության էությունը բացահայտելու հնարավորությունը: Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը: Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:
Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն հասարակության մեջ:Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին: Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը:Բռնության տեսություն: Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով Ժողովրդագրական տեսություն: Ժողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է `
3.Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության ձևը կառավարման ձևի, պետական կառուցվածքի ձևի և քաղաքական վարչակարգի ամբողջությունն է: Կառավարման ձևն իշխանության կազմակերպումն է, որը բնութագրվում է իշխանության օրինական աղբյուրով. պետական իշխանության բարձրագույն մարմինների կառուցվածքն ու իրավական կարգավիճակը, նրանց միջև առկա փոխհարաբերությունների հաստատված կարգը, ինչպես նաև բնակչության մասնակցությունը դրանց ձևավորման գործընթացին: Ներկայիս պետություններն ունեն կառավարման երկու ձև՝ հանրապետություն և միապետություն: Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ պետության գլուխը միապետն է: Ներկայումս պահպանվել է միապետության երկու ձև՝ բացարձակ միապետություն և սահմանադրական միապետություն: Բացարձակ միապետությունում պետական իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական) ամբողջությամբ կենտրոնացված է միապետի ձեռքում: Բացարձակ միապետության օրինակներ են Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդիան Արաբիան, Օմանը, Քաթարը և այլն: