Մուշեղ Գալշոյան/Կանչը

Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել… Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում: Պատմվածքի կենտրոնական դրվագը Զորոյի մենախոսությունն է այն մասին, որ նա ոչ ձմեռ է ուզում և ոչ էլ ամառ: Նա ուզում է միայն գարուն, կյանք, սեր: Նա մեղադրում է ողջ աշխարհին, բոլորին, իր տղաներին ու հարսներին:Հանդիպելով Ալեին, նա հասկանում է, որ հիմա պիտի հետ բերի այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ապրել է ամբողջ կյանքը, առանձնանում է մի հին տանը: Գնում է իր սիրո ետևից: Զորոն որոշում է փախցնել Ալեին, չնայած որ վերջինս տուն-տեղ և ընտանիք ունի:«Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: — Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ: — Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s